Category: Հարցազրիւյցներ
Published on 13 March 2013
Print


Ազգային ինքնորոշում միավորումը քննարկել է Հայատանում փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրություններից հետո սկսված հետընտրական զարգացումները եւ դրանց վերաբերյալ ունի հստակ որոշում եւ ձեւակերպումներ:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մեջբերելով «քո շքերթի ժամանակ չենք ուզում, որ անձրեւ գա» ասույթը, նշեց, որ դրանից ելնելով` ընդհանուր գնահատականը չեն հնչեցնում, որովհետեւ բոլորն են իրենց շատ վատ զգալու.«Եթե այսօր վատ չզգան, վաղն են վատ զգալու, որովհետեւ Հայրիկյանի դիակի վրա նախագահականի համար պայքարը, բնական է, լավ ավարտ պետք է չունենար: Ես կարողացա Հայրիկյանի դիականացումը կանխել, բայց ընդհանրապես եւ քաղաքական ուժերը, եւ քաղաքացին մտածելու բան ունեն: Հայրիկյանի դիակի վրա չէր կարելի աթոռի համար կռիվ տալ»,- նշեց նա:

Հայրիկյանը նշեց, որ ընդդիմադիր թեկնածուները նախագահական ընտրություններին մերժեցին իր երկխոսության առաջարկը, բայց գնացին իշխանության հետ երկխոսության, երբ իր դեպքում պայմանները շատ ավելի լավն էին եւ հաղթական էին:

«Ի վերջո ինչի՞ հանգեցին, որ պետք է երկխոսեն, երկխոսությունն էլ ինչի՞ հանգեցրեց` Հայրիկյանի ծրագրի՞ն: էս էլ որերորդ անգամ: Ես ասում էի 6 ամսից 2 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ, համակարգային փոփոխություններ: Հիմա տեսեք իշխանությունն ինչ է առաջարկում, դիմացինը ի՞նչ է առաջարկում, բա ինչի՞ եք իրարից նեղանում, ընդունեիք Հայրիկյանի ծրագիրը, ինչքա՞ն կարելի է ողորմելի ու վերջում էլ ուտող-ուրացող լինել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ապա Պարույր Հայրիկյանը նշեց, որ քաղաքական աշխարհը հացադուլի դեպքեր շատ է տեսել, բայց հացադուլով որեւէ բանի չես հասնի, «հացադուլով բարոյական շեշտադրում կարող ես անել, դա քաղաքական պայքարի ձեւ չէ»: Ինքն անձամբ հացադուլներ շատ է արել` ինչ-որ հարցերի հետ կապված շեշտադրում անելու նպատակով:

«Մարդկությունն ունի դեպքեր, երբ մարդիկ հացադուլից մահացել են, իհարկե աշխարհը շուռ չի եկել: Ես սիրում եմ այն գործիչներին, որոնք գիտեն, թե ինչ են ուզում եւ գիտեն գոնե մեկ շաբաթ առաջ: Քաղաքական գործիչը պետք է իմանա, թե ինչ ծրագրեր ունի, ինչ ժամանակացույցով: Հակառակորդի համար դու պիտի կանխատեսելի չլինես, բայց ընկերներիդ, գործընկերներիդ, քաղաքացիներիդ համար պետք է լինես բաց: Սա համարեք, որ բոլորիս է ուղղված»,- նշեց նա:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի` իր դիակի վրայով երդվելու մասին հայտարարությունը` նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի արած հացադուլին հասնելու համար ահագին ժամանակ է պետք, իսկ նա, Փառք Աստծո, դիակ չդարձավ. «Եթե դիակի մասին եք խոսում, ապա մի փորձ է եղել Հայրիկյանի դիակի վրայով դառնալ նախագահ, այդ փորձը եղել է, բոլորն արել են, անմակարդակ զանգվածը դրան ընթացք է տվել, հիմա հաջորդ դիակի մասին դեռ խոսք չկա, Աստված ոչ անի, որ Րաֆֆին լինի»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդն ասաց, որ զանգվածային դժգոհությունը շատ տրամաբանական եւ առողջ է, դա ընդվզում է որեւէ բան ցուցադրելու համար, այլ բան է քաղաքական պայքարը: «Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսների անունները չեմ էլ ուզում տամ, թող ներող լինեն, իր շանսը կորցրեց, որովհետեւ ես իմ բաց նամակով առաջարկել էի լուծում, որը ընդունելի էր բոլորի համար, նույնիսկ պարզվում է Սերժ Սարգսյանի համար: Ինքը առիթից այդ պահին չօգտվեց, հիմա գործը տասնապատիկ ավելի դժվար է»,- նշեց Հայրիկյանը:

Նրա խոսքով` պայքարը ինքնանպատակ չպետք է լինի, այլ որոշակի ծրագրերի իրականացման համար: «Իր սկսած պայքարը ո՞րն էր, ժողովրդավարության նվազեցումը, եթե մարդը խոսում է խորհրդարանական հանրապետություն ստեղծելու մասին, այսինքն` նախագահական ընտրություններին երկրորդական տեղ է տալիս, ժողովրդավարության առկայությունը պակասում է, չեմ հասկանում իր պայքարը ո՞րն էր, դա՞ է իր պայքարը` նվազեցնել ժողովրդավարությո՞ւնը, ես այդ տեսակ պայքարը չեմ ողջունում, պայքարի արդյունքում պետք է ավելացնել ժողովրդավարությունը, ոչ թե պակասեցնել: Լավ, Բագրատյանը ասենք ՀՀՇ-ական էր, կարճամիտ, ինքնասիրահարված, կարծում էր, թե սովխոզի դիրեկտոր պիտի դառնար, բայց դու` Րաֆֆի, քեզ թվեր էի չէ՞ ցույց տալիս, ցույց էի տալիս` ինչ է կատարվում, այդ պահը չես օգտագործում, հետտ ուզում ես ինչ-որ բանի հասնել, դժվար է չէ՞ լինելու»,- նշեց նա:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>